Խստորեն դատապարտում ենք իշխանությունների որդեգրած ռեպրեսիվ մեթոդները, Գյումրիի ընտրությունների նախօրեին. Հայտարարություն
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների որդեգրած ռեպրեսիվ մեթոդները, Գյումրիի ավագանու ընտրությունների նախօրեին։ Այս մասին հայտարարություն են տարածել Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և Վարդան Ղուկասյանի գրասենյակը:
«Այս ամենը արվում է բացառապես ընտրության արդյունքների վրա ազդելու համար։
Մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում հալածանքների ու ճնշումների ենթարկվող բոլոր թեկնածուներին»,-ասված է հայտարարությունում:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և ԱԱԾ-ից ստացված հաղորդումների հիման վրա:
Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
Հիշեցնենք, որ այսօր «Մայր Հայաստան» դաշինքը տեղեկացրել էր, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:
Ավելի ուշ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր. «Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում»: