Խորհրդարանական երկրում կուսակցությունների կայացումը կարեւորագույն գործոն է հետագա քաղաքական պրոցեսների համար․ Ավինյան
Այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ, եւ այդ օրենքով նաեւ վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Կարծում եմ՝ խորհրդարանական երկրում կուսակցությունների կայացումը կարեւորագույն գործոն է հետագա քաղաքական պրոցեսների համար: Շատ կարեւոր են, որ այս քննարկումները լինեն հնարովրինս ներառական: Կարծում եմ նաեւ, որ անցել են այն ժամանակները, երբ կուսակցական գործունեությունը որեւէ վատ կամ նեգատիվ երեւույթների հետ էր կապվում»,- ասաց նա։
Ավինյանի կարծիքով պետք է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով հնարովրինս խթանեն, որ երիտասարդները ունեն ցանկություն եւ շահագրգռվածություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետեւ քաղաքական կայունության, մեր պետության հմար շատ կարեւոր է, որ ՀՀ-ում կուսակցությունները կայանան, զարգանան եւ շարունակաբար իրենց գործունեությունը ավելի բարձր մակարդակի հասցնեն։