երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Խաղաղության խաչմերուկը» ոչ միայն տնտեսապես ձեռնտու կլինի մասնակիցներին, այլ նաև կնպաստի խաղաղությանը. Միրզոյան

«Խաղաղության խաչմերուկը» ոչ միայն տնտեսապես ձեռնտու կլինի մասնակիցներին, այլ նաև կնպաստի խաղաղությանը. Միրզոյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվել է Հայաստանի Կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը՝ քննարկվել է արտաքին քաղաքական բլոկը:

Հիմնական զեկուցող արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից, նշել, որ 2023-ին կարողացել են խաղաղության պայմանագրի որոշ հարցերի շուրջ առաջընթաց գրանցել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շոշափելի արդյունքներ չկան: Միրզոյանը մատնանշել է, որ թեպետ 2023-ի ընթացքում տևական ժամանակ բանակցությունները դադարել էին, սակայն հիմա վերականգնվել են․

«Երբ Ալիևը հրաժարվեց Գրանադայի և հաջորդ հանդիպումներից, նույն պահին դադարեցին նաև մեր բանակցությունները արտգործնախարարների մակարդակով, թեև այդ ընթացքում մենք փոխանակվել ենք խմբագրական առաջարկներով: Գիտեք, որ 24 թվականին հանդիպումներ վերսկսվեցին՝ Մյունխենում, հետո՝ Բեռլին: Ավելացնեմ միայն, որ շահագրգռված լինելով ապաշրջափակմամբ՝ մեր ընկալմամբ, մեր պատկերացրած սկզբունքներով, մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որին տվել ենք «Խաղաղության խաչմերուկ» անունը: Մենք համոզված ենք, որ այս պատկերացումներով ենթակառուցվածքների ապաշրջափակումը ոչ միայն տնտեսապես շահավետ կլինի մասնակցող երկրներին, այլ նաև տարածաշրջանից դուրս՝ Չինաստանից մինչև Եվրոպա: Ոչ միայն տնտեսապես ձեռնտու կլինի մասնակիցներին, այլ նաև էականորեն կնպաստի խաղաղությանը: Մենք կիսվել ենք, մի մասը ողջունում է, ցավոք, Ադրբեջանի կողմից եղավ դիրքորոշում, որ սա ուտոպիա է: Այսօր ամբողջ աշխարհը ակտիվորեն ներգրավված է նոր լոգիստիկ ուղիների հաստատման, պայմանների դյուրացման ուղղությամբ, կարծում եմ, որ մենք պետք է ջանք չխնայենք հերթական անգամ մեծ ծրագրերից դուրս չմնալու համար»:

  • Կիսվել: