ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խաղաղության անվան տակ Արցախը փորձում են տանել էթնիկ զտման, հայաթափման. Սաղաթելյան

Խաղաղության անվան տակ Արցախը փորձում են տանել էթնիկ զտման, հայաթափման. Սաղաթելյան

Այս հրապարակից ի պատասխան Ադրբեջանից հնչեցված հայտարարության՝ մենք հստակ ասում ենք, որ իրենց առաջարկած կետերը, խաղաղության հասնելու ձգտումը դա խաղաղության օրակարգ չէ, դա Հայաստանին նոր կապիտուլյացիա է պարտադրելու, որը մեր ժողովրդի կողմից անընդունելի է: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Ա փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այսօրվա հայտարարությանը, թե պատերազմից հետո Ալիևը իր մեջ ունեցավ խիզախություն և Հայաստանին առաջարկեց կնքել խաղաղության և հաշտության պայմանագիր և բացել կոմունիկացիաները։

Ադրբեջանի որդեգրած սկզբունքներն ու առաջարկները, ըստ Սաղաթելյանի, չեն կարող խաղաղություն բերել տարածաշրջանին, եթե դրանք չեն հարգում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

՛՛Առանց այդ իրավունքի հռչակման, առանց Արցախի անկախ կարգավիճակի՝ ցանկացած լուծում տարածաշրջանը բերելու է անկայունության, Արցախում հայաթափման և ցեղասպանության։ Դա Ալիևի օրակարգն է, որը սպասարկում է Նիկոլը։ Դա Ալիևի օրակարգն է, որը միջազգային հանրությանը ներկայացնում է իբրև խաղաղության օրակարգ, և խաղաղության այդ կետի տակ փորձում են տանել Արցախի էթնիկ զտման, հայաթափման։ Եվ այդ օրակարգը փորձում է սպասարկել նաև Նիկոլը։ Ուստի հայտարարում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների և Նիկոլի միջև ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն անընդունելի է հայ ժողովրդի կողմից և առոչինչ է՛՛,-նշեց ԱԺ փոխնախագահը։

Ըստ նրա՝ Արցախում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հայաթափման օրակարգը կիսող ու սպասարկող չկա։

Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ Բերձորի խնդրին, որտեղ կան բազմաթիվ մտահոգություններ։ Նա նշեց, որ կառուցվող այլընտրանքային նոր ճանապարհի գործարկման դեպքում անհայտ է հայկական գյուղերի ճակատագիրը, մեր կոմունիկացիաները մնալու են Ադրբեջանի տիրապետության տակ, ինչը բերելու է նոր խնդիրների:

Բացի այդ, նրա խոսքով, կան անվտանգության հարցեր, ինչպես նաեւ այս իշխանությունները ադրբեջանական զորքերը մոտեցնելու են Հայաստանի սահմանին՝ Սյունիքի ողջ հատվածում լինելու է նոր սահման։

Սաղաթելյանը նշեց, որ մանրամասն կուսումնասիրեն խնդիրները և դրանց մասին հանգամանորեն կխոսեն հաջորդ հանրահավաքի ժամանակ:

  • Կիսվել: