չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խաչիկ Ասրյանը դադարեցնում է քարոզարշավը՝ կոչ անելով չեղարկել ընտրությունները

Խաչիկ Ասրյանը դադարեցնում է քարոզարշավը՝ կոչ անելով չեղարկել ընտրությունները

՛՛Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան՛՛ կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը. կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության եթերում։

Ասրյանը նշեց, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է արտահերթ ընտրությունները չեղարկել։

Քարոզարշավի դադարեցումը նա պարզաբանեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով։ Ասրյանը կոչ արեց համախմբվել, չեղարկել ընտրությունները, միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ, քանի որ Հայաստանի ամբողջականությունը և անվտանգությունը ավելին են, քան ցանկացած ընտրություն։

Ասրյանի խոսքով՝ իրենք 86 հոգանոց համամասնական ցուցակով հայտ են ներկայացել արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու, գրանցվել են՝  պայմանով, որ եթե մինչև արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը Հայաստանի իշխանությունը Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիներին չվռնդի հայոց հողից, ուրեմն՝ բացառվում է, որ իրականացնեն նախընտրական քարոզարշավ և մասնակցեն ընտրություններին։

 

  • Կիսվել: