երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կեղծ օրակարգ է. Մամիջանյանը` Սահմանադրությունը փոխելու մասին

Կեղծ օրակարգ է. Մամիջանյանը` Սահմանադրությունը փոխելու մասին

 ՀՀ սահմանադրական փոփոխությունների օրակարգը կեղծ օրակարգ է, որը նետվել է ՀՀ իշխանությունների կողմից։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
 
«Չեմ կարծում, որ այդ գործընթացն իրենք կհասցնեն ավարտին։ Մենք խիստ դեմ ենք Սահմանադրության վերաբերյալ իրենց հնչեցրած թեզերին, բայց չեմ կարծում, որ դա պետք է լինի Հայաստանի միակ քաղաքական դիսկուրսը։ Հայաստանի անունից հիմնական բանակցողն այս պահին զբաղված է բացառապես Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ»,– ասաց Մամիջանյանը։
 
Նա շեշտեց` Սահմանադրության փոփոխության առնչությամբ հնարավոր ձևավորվող «Ոչ»–ի շտաբի առնչությամբ էլ դեռ հստակ որևէ բան չեն կարող ասել։ Ըստ խմբակցության ղեկավարի` պետք է տեսնեն, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և հավելյալ կհայտարարեն։
 
Խմբակցության ղեկավարի պնդմամբ` Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի, քանի որ վերջինս զբաղված է կառավարության շենքը վերանորոգելով ու Արագած լեռը պատին նկարելով։
«Այդ մարդը համարում է, որ մեր երկրի միակ խնդիրը զինանշանը, օրհներգն ու դրոշն են։ Տենց օդաչուով նման տուրբուլենտության մեջ կարելի՞ է մտնել։ Ոչ միայն անփորձ է, ոչ միայն կրթություն չունի, ոչ միայն սթափություն չունի, այլև իր սխալներն ընդունելու ունակություն չունի։ 5000 մարդ զոհվել է, ասում է զինանշանն էր մեղավոր»,– ասաց Մամիջանյանը։
 

  • Կիսվել: