Կդնե՞ք մանդատը, եթե ձեզ չընտրեն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ. Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը
Երկու անգամ իմ թեկնածությունը առաջադրել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ես չեմ առաջադրել. խմբակցությունը քննարկել է, քվեարկել է և ես երկու անգամ դարձել եմ հանձնաժողովի նախագահ, դա իմ համար ամենաընդունելի ձևաչափն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նշված հանձանժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր խորհրդրդարանում ևս առաջադրվելու է այդ պաշտոնում։
«Նախկինում ֆրակցիան էր որոշում, հիմա կտեսնենք ինչ ձևաչափով են գնում առաջ։ Իմ բնավորությանը բոլորը ծանոթ են Երբ որ կառաջադրեն ինձ, ես հանդես կգամ մեկնաբանությամբ, ելույթով և իմ տեսակետները կհնչեցնեմ այն միջավայրում, որտեղ քննարկվելու է այդ առաջարկը»,–ասաց նա։ Հարցին՝ ինքը ցանկություն ունի՞ այդ պաշտոնը զբաղեցնելու, Քոչարյանը պատասխանեց. «Հիմա դուք ժամանակից առաջ եք ընկնում։ Կգա օրը, բարին հետը»։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս է աշխատելու ԱԺ նոր նախագահության հետ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մենք արդեն 7-8 տարի աշխատում ենք, ԱԺ նախագահի թեկնածուի Ռուբինյանի հետ, Կոնջարյանի հետ աշխատում ենք բավականին բարձր ինտենսիվությամբ, որպես ֆրակցիայի ղեկավար, և ես համարում եմ նրա կատարած աշխատանքը ամենաբարձր մակարդակով իրականացված աշխատանքային փուլեր։ Պարոն Վահագն Ալեքսանյանը պաշտպանության հանձնաժողովի անդամ է, մենք իր հետ աշխատում ենք, գնում ենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողով, ճանապարհ ենք անցնում, գալիս ենք։։ Ի՞նչ է նշանակում՝ ո՞նց պետք է աշխատեք։
Ինձ ընկալել են որպես ավագ ընկեր, ես այդ սահմանը չեմ անցել, և կարծում եմ, որ եթե կարիքը լինի իմ անցած ուղու ծառայություններ շարունակելու, ես իմ որոշումը կկայացնեմ»։
Հարցին՝ կվերցնի՞ մանդատը, եթե ՔՊ–ում որոշեն, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում այլ մարդու են տեսնում, նա դրական պատասխան տվեց. «Այո, ինչի՞ եք կասկածում, բա ինչի՞ եմ դրել իմ թեկնածությունը, եթե մանդատը պետք է չվերցնեմ։ Եթե այլ առաջարկներ լինեն, այդ ժամանակ նոր կարելի է մտածել, թե ինչ ճանապարհով պետք է գնանք։
Նշենք, որ այսօր «Հրպարակ» թերթը գրել էր, որ ՔՊ–ում որոշել են, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնը նոր ԱԺ–ում բաժին չի հասնի Անդրանիկ Քոչարյանին, քննարկվում է այդ պաշտոնում Արմեն Խաչատրյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։


