Կարող է հանրաքվե անես, պարզվի, որ ոչ ոք քեզ ԵՄ-ում չի սպասում․ Արթուր Հովհաննիսյան
«Մեր գործընկերներն օգտվում են այն գործիքակազմից, որն օրենսդրությունն է տալիս»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ ԵՄ-ին միանալու համար հանրաքվե անցկացնելու նպատակով ստորագրահավաքի իրականացմանը և թե նախագիծն ԱԺ մտնելու դեպքում ինչ դիրքորոշում կհայտնի իշխող մեծամասնությունը։
«Թող ստորագրահավաքը տեղի ունենա։ Մենք մեր եվրոպական ձգտումների մասին շատ կոնկրետ խոսել ենք և մեր գործընկերների հետ շատ կոնկրետ շարունակում ենք խոսակցությունը, բայց մենք ելնում ենք իրողություններից և օբյեկտիվ իրականությունից։ ԵՄ-ին անդամակցելը շատ կոնկրետ պրոցեսներ և շատ երկար ժամանակ է ենթադրում», - նշեց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ հանրությունն էլ իր սպասումներում պետք է զուսպ լինի․«Պետք է մի քիչ զուսպ լինենք ակնկալիքների առումով։ Պատմականորեն ԵՄ-ին անդամակցելու հարցում հանրաքվեն միշտ ամենավերջին քայլն է, ոչ թե՝ ամենաառաջին, որովհետև կարող է հանրաքվե անես, պարզվի, որ ոչ ոք քեզ ԵՄ-ում չի սպասում»։