Կառավարությունը մերժեց ընդդիմության՝ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը պարունակող օրինագիծը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանն ու Էլինար Վարդանյանը ներկայացրել էին օրենսդրական նախաձեռնություն՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր:
Կառավարությունը, սակայն, Հայաստանի սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարել օրենքի նախագիծն այս տեսքով քննարկելը և հեղինակներին առաջարկել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և 13.3-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»։


