չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Կարանտին» բառը կարող ենք փոխարինել «հրաշք» բառով. բա՞ն է փոխվում. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

«Կարանտին» բառը կարող ենք փոխարինել «հրաշք» բառով. բա՞ն է փոխվում. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

Ձեր կարծիքով՝ եվրոպական երկրների ԱԳ նախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, մեկ էլ՝ «վայ, «կարանտին» բառը կա, վերջ, պետք է Հայաստանից ոչ մեկը չգա մեզ մոտ»: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների քննադատություններին:

Նրա խոսքով՝ փաստարկներ են բերվում, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում։

«Ձեր կարծիքով՝ եվրոպական երկրների ԱԳ նախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, մեկ էլ՝ «վայ, «կարանտին» բառը կա, վերջ, պետք է Հայաստանից ոչ մեկը չգա մեզ մոտ»: Այսինքն՝ ձեր կարծիքով՝ տարբեր երկրների պետական կառավարման ապարատներում այս մակարդակի են որոշումները կայացվո՞ւմ: Չէ, այդպես չէ, սիրելիներս: Երբ մի երկրից մուտքը կամ ելքն արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար ցուցիչը հետևյալն է՝ ինչ համաճարակային վիճակ է այդ երկրում, այսինքն՝ օրական վարակումների որքան թիվ է գրանցվում: Սա է գլխավորը,- ասաց Ռուբեն Ռուբինյանը, հավելելով,- եթե դուք իսկապես հետաքրքրված եք, որ հնարավորինս շուտ, հնարավորինս արագ բացվեն սահմանները, պետք է հետաքրքրված լինեք, որ հնարավորինս արագ թվերը իջնեն: Իսկ որպեսզի թվերը հնարավորինս արագ շարունակեն իջնել, անհրաժեշտ են այն միջոցառումները, որ իրականացվում են: Թե չէ՝ «կարանտին» բառը կարող ենք փոխարինել «հրաշք» բառով: Ձեր կարծիքով բա՞ն է փոխվում: Եկեք «կարանտին»-ի փոխարեն գրենք «հրաշք»,- ասաց նա:

  • Կիսվել: