Կանխիկի հարցը պիտի լուծենք, ինչների՞ս է պետք կանխիկ փողը: Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով, կաշա՞ռք են տալիս, ստվերային առևտո՞ւր են անում. Փաշինյան
Այսօր Կառավարության նիստի ժամանակ վ արչապետ Նիկոլ Փաշինյանը խոսքն ուղղեց նախագահ Էդուարդ Հակոբյանին, որը ներկայացնում էր պետբյուջեի հավաքագրումների մասով երկնիշ աճերի մասին թվերը, և ասաց, որ վատ լուր ունի ՊԵԿ նախագահի համար:
Փաշինյանի խոսքով՝ վարչապետի աշխատակազմից Երևանում գնումներ են արել, և նրանց ասել են, որ եթե կանխիկով վճարեն, այլ գին է, իսկ եթե քարտով վճարեն՝ այլ:
«Կանխիկի հարցը պիտի լուծենք, ինչների՞ս է պետք կանխիկ փողը: Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով, կաշա՞ռք են տալիս, ստվերային առևտո՞ւր են անում, ի՞նչ պոզիտիվ բան կա, որ չեն կարող անել անկանխիկ փողով: Ծնունդի նվեր տալ հնարավոր է, հավելվածով տեղում քարտով փոխանցում ես»,-նշեց վարչապետը:
Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների միջադեպին՝ Փաշինյանն արձանագրեց. «Ի՞նչ է նշանակում՝ Երևանի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա, առևտուր անի, ասի՝ դե գիտե՞ս, ընկե՛ր ջան, այսպես է մեզ մոտ: Եթե այդպես է, փակե՛ք այդ խանութը: Ձևը գտեք, փակե՛ք այդ խանութը: Այդ խանութում առևտուր պետք է չլինի: Ինձ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը: Ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի: Կզեկուցե՛ք անձամբ: Քանի սենց խանութի տեղ իմացա (ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա), փակվելու է այդ խանութը, առևտուր չի լինելու: Մինչև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի՛ լինելու»:
Փաշինյանը խոսեց նաև բջջային հեռախոսների ներկրման հետ կապված խնդիրների մասին: Նա, մասնավորապես, ասաց. «Չի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն՝ բացառությամբ ոնց պայմանավորվել ենք. ամեն քաղաքացի տարեկան կարող է 1 հեռախոս կամ 2 հեռախոս մտցնել, որ չստացվի՝ մեկը իր համար է բերում, մյուսը՝ ընտանիքի: Բայց սա մենք պետք է կարողանանք վերստուգել»:
Վարչապետն անդրադարձավ նաև սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և իրականացվելիք աշխատանքներին, մեջ բերեց այս թեմայով քննադատությունները՝ ասելով. «Ասում են՝ ի՞նչ են անում, ասֆալտ են անում, էլի, որովհետև, իրենց պատկերացմամբ, պետք է մեր գյուղացին ցեխի մեջ ապրի՝ ռեզինե սապոգները ծնկից վերև հագած տնից դուրս գալու համար»:


