կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կանադայում ցուցարարները փակել են ԱՄՆ տանող կամուրջը

Կանադայում ցուցարարները փակել են ԱՄՆ տանող կամուրջը

Կանադայում շարունակվում են բեռնատարների վարորդների ցույցերը կորոնավիրուսային սահմանափակումների դեմ։ Ցուցարարներն արգելափակել են «Ամբասադոր» կամուրջը, որը կապում է ամերիկյան Դեթրոյթ և կանադական Վինձոր քաղաքները, հաղորդում է The Guardian պարբերականը։ Այդ կամրջով օրական 8000 բեռնատար է անցնում՝ ապահովելով երկու երկրների միջև առևտրի 27 տոկոսը։

 

Բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև ԱՄՆ-ի հետ սահմանակից Քութս քաղաքում։

Մայրաքաղաք Օտտավայում էլ հարյուրավոր բեռնատարներ շարունակում են կայանված մնալ՝ փակելով կենտրոնական փողոցները։ Ոստիկանությունը 23 մարդու է ձերբակալել։

Ըստ պարբերականի՝ Կանադայում պատվաստված չէ բեռնատարների վարորդների 15 տոկոսը։ Երկրում մեծապես աջակցում են հանրային առողջության պահպանման համար ձեռնարկվող միջոցառումներին։ «Ազատության շարասյուն» անվանումը ստացած ակցիան մեծ աջակցություն է ստացել հակակառավարական խմբերից։

Օտտավայի բնակիչներից շատերը դեմ են ցույցին, որն ուղեկցվում է ազդանշանների աղմուկով, հրավառություններով և անկարգություններով։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող 418 բեռնատարների մի մասում երեխաներ կան։ Իրավապահներն անհանգստացած են նրանց վիճակի համար՝ ցրտի, աղմուկի, ածխածնի օքսիդի վտանգի և սանիտարական պայմանների պատճառով։

  • Կիսվել: