չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կանադայի Խորհրդարանում կայանալիք հատուկ նիստին կհրավիրվեն ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի ներկայացուցիչն ու Արցախի ՄԻՊ-ը

Կանադայի Խորհրդարանում կայանալիք հատուկ նիստին կհրավիրվեն ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի ներկայացուցիչն ու Արցախի ՄԻՊ-ը

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով գումարվել է Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության շրջափակմանը։ Հունվարի 18-ին կայացած նիստի արդյունքում որոշվել է Արցախի շրջափակման հարցով ևս երեք նիստ գումարել, ինչպես նաև տեղում իրավիճակի շուրջ իրազեկվելու համար քննարկման հրավիրել ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ համապատասխան որոշման մեջ օգտագործված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությւոն ձևակերպումը։

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման և արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում սույն որոշումն իր բնույթով բացառիկ է  ոչ միայն այն պատճառով, որ կանադական խորհրդարանական հանձնաժողովն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը, այլ նաև քննարկման է հրավիրում Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին։ Սա Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման նոր դրսևորում է, ինչի շուրջ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական շրջան աշխատանքներ է իրականացնում։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը կանադական խորհրդարանում առաջիկա զարգացումների վերաբերյալ հանդես կգան հաղորդագրություններով։

  • Կիսվել: