կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կանադայի ԱԳ նախարարը հատուկ հանձնակատար է նշանակել Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելու նպատակով

Կանադայի ԱԳ նախարարը հատուկ հանձնակատար է նշանակել Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելու նպատակով

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Գերմանիայում այդ երկրի դեսպան, Եվրոպայում և Եվրամիությունում հատուկ հանձնակատար Ստեֆան Դիոնը կստանձնի առաքելություն` ուսումնասիրելու այն տարբերակները, որոնց միջոցով Կանադան կկարողանա ավելի լավ աջակցել հայկական ժողովրդավարությանը:

ԱԳ նախարարի խոսքով` Կանադան պարտավորվել է համագործակցել Հայաստանի հետ` երկրի ժողովրդավարական առաջընթացն առավել զարգացնելու համար, ինչը չափազանց կարևոր նշանակություն ունի ոչ միայն հայ հասարակության, այլև տարածաշրջանի համար:

Հատուկ հանձնակատարն առաքելության ընթացքում կուսումնասիրի, թե ինչպես Կանադան կարող է աջակցել հայկական քաղաքացիական հասարակության ջանքերին, ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները, ավելացնել Հայաստանի ներգրավվածությունը բազմակողմ ինստիտուտներում և խթանել ներառական տնտեսական աճը: Առաքելության նպատակն է ամրապնդել կանադական հասարակության աջակցությունը՝ ի շահ հայկական ժողովրդավարության:

Ստեֆան Դիոնի աշխատանքը շարունակվելու է մի քանի ամիս, դրանց ընթացքում նա առցանց խորհրդակցություններ է իրականացնելու ինչպես Կանադայում հետաքրքրված կողմերի, այնպես էլ Հայաստանի գործընկերների հետ:

Իր հերթին, Ստեֆան Դիոնն այս առնչությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով. «Ինձ համար պատիվ է նման հնարավորություն ստանալը՝ նպաստելու Կանադայի և Հայաստանի ժողովրդավարությունների կապերի ամրապնդմանը»:

  • Կիսվել: