կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կան մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել և դրանք առանձին արխիվացված են․ Անահիտ Ավանեսյան

Կան մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել և դրանք առանձին արխիվացված են․ Անահիտ Ավանեսյան

Ցավոք կան դեպքեր, երբ երբ զոհված զինծառայողի մասունքների նույնականացումն ավարտվել է, և անգամ մի քանի՝ կրկնվող հետազոտությունների արդյունքի պարագայում էլ ծնողները կամ հարազատներն իրենց մեջ ուժ չեն գտել՝ տանելու և հուղարկավորելու: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

«Մենք պատկերացնում, հասկանում ենք, որ սա շատ ցավոտ պրոցես է: Ե՛վ քնչական կոմիտեն, և՛ մյուս պատկան մարմինները զբաղվում են, որպեսզի ընթացքը հնարավորինս արագ կերպով մենք ավարտին հասցնենք»,- նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է նույնականացումներին, Ավանեսյանն ասաց, որ հայտնի էր՝ կային դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ էին քայքայված և դրանցից ԴՆԹ առանձնացնելը դժվար էր:

«Մենք 100-ից ավելի մասունքներ ուղարկեցինք Հոլանդիա և ստացանք դրանց արդյունքները: Այդ փուլը ևս ավարտվել է և մենք, կարելի է ասել, նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք և ներկայումս որևէ փորձանմուշ չունենք հետազոտման մեջ»,- հայտնեց նախարարը:

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ կան մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել և դրանք առանձին արխիվացված են: Սակայն նախարարը թիվ չհնչեցրեց:

Իսկ հարցին, թե ինչ է լինելու այն մարմինների, մասունքների հետ, որոնց ԴՆԹ պատասխանը կա, սակայն հարազատները չեն ընդունում, և այն մասունքները, որոնց դեպքում անհնար է ԴՆԹ իրականացնել,արդյոք եղբայրական գերեզմանի ծրագիր կա: Առողջապահության նախարարը պատասխանեց, որ նախկինում ևս նշել են, և հիմա նույնպես՝ միտք չկա եղբայրական գերեզմանի:

«Քանի որ դրանք նույնականացված դիեր են և կարող են առանձին, հստակ կերպով ապահովել ճանաչելիությունը և ունենալ անհատական գերեզմաններ: Համապատասխան մարմինների խորհուրդն, ըստ այդմ, որոշում կկայացնի հաշվի առնելով հարցի նրբազգաց և բարդ լինելը»,- ասաց Ավանեսյանը: Իսկ, ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ժամանակի մասին է խոսքը, երբ լուծում կտրվի, նախարարն ասաց, որ հստակ ժամկետ նշել չի կարող:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: