Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի․ Արարատ Միրզոյան
Անհետ կորածների և գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, մեր ամենօրյա, ամենժամյա աշխատանքի առարկան է, թեման և թիրախը։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ես չեմ կարող մտաբերել որևէ լուրջ հանդիպում և քննարկում, որտեղ այս թեման չի արծարծվում։ Այո, Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ին ստանձնած իր պարտավորությունը՝ այն է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց՝ տարբեր պատրվակներ բերելով , խնդիրը կապելով ականապատված դաշտերի քարտեզների հետ , թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևէ այդպիսի կորելացիա չկար, ապա այլ պատրվակներ,պատճառներ բերելով»,- նշեց Միրզոյանը։
«Այժմ, ցավոք, Ադրբեջանը խնդիրը փորձում է կապել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ։ Պետք է ասեմ, որ այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն և այնուամենայնիվ՝ մենք որպես բարի կամքի նշան արել ենք և շարունակում ենք անել մեր շատ հումանիստական մարդասիրական քայլերը և ակնկալում ենք, որ այդպիսին էլ պիտի լինի Ադրբեջանի կողմից պահվածքը և մարդասիրական նկատառումներից ելնելով և նաև նրանից, որ դա ուղղակի իրենց պարտավորությունն է՝ թղթի վրա գրված»,- նշեց Միրզոյանը։
«Ինչպես և ակնկալելի էր՝ թեման քննարկվել է նաև վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպման ընթացքում և կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»,- ընդգծեց նախարարը։