շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իշխանությունը կամ չի պատկերացնում, թե երկրին ինչ հարված է սպասվում, կամ հասկանալով՝ դաշտ է նախապատրաստում նոր ծանր կորուստների համար. Աբրահամյան

Իշխանությունը կամ չի պատկերացնում, թե երկրին ինչ հարված է սպասվում, կամ հասկանալով՝ դաշտ է նախապատրաստում նոր ծանր կորուստների համար. Աբրահամյան

Ադրբեջանը աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորաբանությունը, պատերազմի սպառնալիքը վերածում մահակի՝ իր ժողովրդին նախապատրաստելով պատերազմի, այլ ոչ՝ խաղաղության։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Վերջինս նշեց, որ խաղաղության պայմանագիր ասելով՝ Ադրբեջանը նկատի ունի իր առաջադրած առավելապաշտական պահանջների կատարումը, որը ենթադրում է ոչ միայն Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն, այլև ուղիղ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

«Հայաստանի իշխանությունը ինքն է խոստովանում և հրապարակային հայտարարում, որ սահմանագծին էսկալացիայի հավանականությունը բարձր է։ Թվում է, թե իշխանությունը իրավիճակը օբյեկտիվ է գնահատում, սակայն այն քայլերը, որոնք արվում են, ցույց են տալիս, որ իշխանությունը կամ չի պատկերացնում, թե երկրին ինչ հարված է սպասվում, կամ այդ ամենը հասկանալով՝ նպատակաուղղված դաշտ է նախապատրաստում նոր ծանր կորուստների համար»,- ասաց պատգամավորը։

Աբրահամյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ դաշտ նետվեց դավաճանների, «5-րդ շարասյան» թեման.

«Մեր իրականության մեջ դեպքեր ենք ունեցել, երբ իշխանությունը կոնկրետ զինվորականի վերաբերյալ պետական դավաճանության հիմքով պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ ավելի ուշ գործը կարճվել է, իսկ վերոնշյալ զինվորականը վերականգնվել է զինվորական գործում։ Ում է պետք հատկապես այս ծանր ժամանակահատվածում վարկաբեկել, դեռ չեմ ասում որևէ մեկի ծանր հանցագործությունը ուղղակի և անուղղակի կերպով տարածել բանակի և զինվորականների վրա։ Վերջին շրջանում իշխանության թիրախներից է 3-րդ բանակային կորպոսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ Նրան չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելը ու իր էներգիան անմնացորդ հայրենիքին նվիրելու ձգտումը։ Այն քրեական գործը, որով անցնում է գեներալը, մեկ բառով կարելի է բնութագրել փուչիկ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

  • Կիսվել: