Իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից. Հրայր Թովմասյան
Ես իրավական կողմին չեմ անդադառնա, իմ պաշտպանական խումբը դրանց կանդարդառնա սակայն այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում իմ, Սահմանադրական դատարանի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
«Օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահ: Այդ ամենն արվում է շատ կոպիտ, ակնհայտ, ինչի մասին այլևս իմ ասելով չէ, որ մեր հանրությունը, նաև ողջ միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի: Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, քանի որ ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական է: Շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, վաղվա օրը, չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»,-ասաց նա:
Խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Թովմասյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որ համակ ուշադրությամբ հետևում են ողջ պրոցեսին․
«Ուզում եմ ասել, որ 2-3 անգամ հրավիրվել եմ հարցաքննության, իսկ այսօր արդեն տանն են ինչ-որ քննչական գործողություն կատարել: Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը՝ այդ ամբողջը տեսաձայնագրվի: Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է, այս օրով չի ավարտվելու, ցավոք դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ինչ ասաց, ինչպես վարվեց և այլն չի լինելու: Ես իմ միջնորդությունը միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի, բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն»: