հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Իշխանության նկատմամբ ատելությունն իրականացվում է իշխանության ստեղծած հնարավորություններով. Վարչապետ

Իշխանության նկատմամբ ատելությունն իրականացվում է իշխանության ստեղծած հնարավորություններով. Վարչապետ

Այն, որ Հայաստանի նախորդ ռեժիմի ներկայացուցիչները մինչև այսօր ՀՀ-ում ազատ շրջում են, ունեն լրատվամիջոցներ, օգտվում են ազատ արտահայտման հնարավորություններից դա այն բանի շնորհիվ է, որ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը որդեգրել է օրենքով առաջնորդվելու սկզբունքը, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԱՅն, որ ժողովուրդը շատ շատերին ինքնադատաստանի չի ենթարկել, դա այն բանի շնորհիվ է, որ Հայաստանի այսօրվա կառավարությունը հստակ դրել է կանոններ, որ մենք պետք է գործենք օրինականության, սիրո և համերաշխության տրամաբանությամբ», -ընդգծեց վարչապետը։

Մեկնաբան Պետրոս Ղազարյանը հիշեցրեց ընդդիմության գործիչների նկատմամբ ոստիկանության կողմից վերջերս իրականացրած գործողությունները, երբ հինգ անձ բերման ենթարկվեց ոստիկանություն՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Ի պատասխան վարչապետը արձագանքեց. «Հայաստանի իրավապահ մարմինները ունեն նաև այլ գործառույթներ, ունեն ծայրահեղականացման որոշակի գործընթացների ստուգողական գործառույթներ։ Մեր երկրում եղել է հոկտեմբերի 27, այլ դեպքեր, հետո որ այդ երևույթները լինում են, հարցնում են՝ բա իրավապահները ինչո՞ւ չեն ստուգում։

Արձագանքելով ընդդիմախոսների այն հայտարարություններին, թե վարչապետը մասնավորապես իր ելույթներում գեներացնում է ատելություն՝ օգտագործելով «դուրսպրծուկներ» «վնգստոց» և այլ նման եզրույթներ, Փաշինյանն ասաց. «Այսօր իրականում Հայաստանում ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ իշխանությունների կողմից և ժողովրդական հեղափոխության կողմից ստեղծված հնարավորությունների օգտագործմամբ։ Այսօր դուք Հայաստանում հիշում եք դեպք, երբ հինգ ընդդիմադիր հեռուստաընկերություն է գոյություն ունեցե՞լ»։

  • Կիսվել: