Իշխանության՝ «Եթե մենք չլինենք, ապա պատերազմ է լինելու» թեզն ամենաստորացուցիչն է. Ռոբերտ Քոչարյան
Արդեն ձևավորվում է մի դաշտ, երբ լինելու են խոշոր ընդդիմադիր միավորներ և մեկ իշխանական միավոր։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, աշտարակցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս պահին բոլորը դիրքավորվում են, թե ինչ ծրագրերով և ընդհանրապես ինչպես են հանդես գալու մեր ժողովրդի առջև այս նախընտրական փուլում։ Մեր գլխավորումը դուք արդեն տեսել եք։ Ի՞նչն է դրական այս ամբողջ գործընթացում. և սա չափազանց կարևոր է, որովհետև մենք վերջին մի քանի ամսվա ընթացքում անընդհատ խոսում էինք դրա մասին, որ պետք է ձևավորել խոշոր ընտրական միավորներ, ոչ թե մասնակցել, օրինակ, ընդդիմադիր դաշտից 20-25 տարբեր կուսակցություններ կամ դաշինքներ։
Ըստ էության, այս գործընթացը գնում է, և սա ես բավական դրական եմ համարում, որովհետև սա հնարավորություն է տալիս առաջին հերթին չփոշիացնել ձայները, և երկրորդը, հնարավորություն է տալիս ավելի հստակ ծրագրերով երեք-չորս ընդդիմադիր միավորներով մտնել լուրջ պայքարի մեջ մեկ միավորի դեմ, միավորի, որը զավթել է իշխանությունը և որը մեզ տանում է, ոչ ոք չի հասկանում թե ուր, կարծում եմ՝ իրենք էլ չեն հասկանում։
Դրականը նաև այն է որ իշխանությունը սատարող կուսակցություններ չունի, որոնք ինչ-որ ձևով նույնիսկ տեսական հնարավորություն ունեն հաղթահարել այդ չորս տոկոսանոց նախընտրական շղթան։ Ուրեմն արդեն ձևավորվում է մի դաշտ, երբ լինելու են խոշոր ընդդիմադիր միավորներ և մեկ իշխանական միավոր։
Եվ եթե այդ ընդդիմադիր դաշտը համակարգված աշխատի, եթե իրար դեմ չաշխատեն, այլ բոլորս թիրախավորենք նրան, ովքեր արհավիրք են բերել Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունը իմ մոտ շատ մեծ է, որ հաջողություն անպայման ունենալու ենք»,- իր խոսքում նշել է երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե «չի նախանձում» իշխանություններին. «չեմ նախանձում այս փուլում իշխանությանը, իրենց համար բավական դժվար է ինչ-որ խոսքերով հանդես գալ մեր ժողովրդի առջև։ Ի՞նչ պիտի ասեն. առաջին, մարդիկ ասելու են՝ լավ, ութ տարի իշխանության գլխին եք, այդ ինչ-որ խոսք եք տալիս, դա պետք է արած լինեիք, ինչու չեք արել։ Եվ երկրորդը, ամեն մարդ, եթե բացում է իրենց նախընտրական ծրագիրը 21 թվականի տեսնում է, որ առնվազն 80%-ով արել են ճիշտ հակառակը, ինչ խոսել են։ Եվ հարց է առաջանում, ձեր խոստումները, ձեր ասածները գրոշի արժեք ուղղակի չունեն, քանի որ մենք այդ փորձը հարաբերվելու նմանատիպ իշխանության հետ արդեն ունենք, որ դուք կարող եք ասել մեկ բան և կյանքում անել ճիշտ հակառակը։ Եվ այս պատճառով իմ տպավորությամբ իրենք մի թեզ են առաջ բերելու՝ եթե մենք չենք, ապա պատերազմ է լինելու։ Ամենից վտանգավոր թեզն է, բայց նաև ամենից ստորացուցիչ։
Բայց մենք սա կանխատեսում էինք, եթե հիշում եք, մեր մեր հրապարակային ելույթներում միշտ ասում էինք, որ սա միակ թեզն է, որից այս իշխանությունը փորձելու է կառչել և ինչ-որ ձև վախի մթնոլորտ սերմանելով, պատերազմից վախի մթնոլորտ ստեղծելով փորձել է ինչ-որ ձայներ ստանալ։ Ես համոզմունք ունեմ, որ մի քանի անգամ ասել եմ, կրկնեմ, որ եթե մեկը քեզ խաբել է, մեկ անգամ ամոթ քեզ, եթե խաբել է, երկրորդ անգամ՝ ամոթ քեզ. իսկ մեր ժողովուրդը ուղղակի թույլ չի տալու, որ իրեն խաբեն 100 երրորդ անգամ»։
Անդրադառնալով քարոզարշավին՝ երկրորդ նախագահն ասել է. «Քարոզարշավը իշխանությունը սկսել է մոտը մեկ տարի։ Տարբեր ֆորմատներով փորձում ենք ինչ-որ նոր հետաքրքրություն ստեղծել մեր ժողովրդի մոտ։ Հիմա թիթիզ ավտոբուսի այսպես թեմաներ բավականին օգտագործում, այլ քաղաքական ուժեր նաև ընդիմադիր դաշտում սկսել են մոտավորապես աշնանը, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներից, մենք այստեղ ենք ընդամենը ամսի 16-ից։
Հիմա կարելի է ասել, թե մենք ուշանում ենք։ Մեր կարծիքով՝ ուրիշները շուտ են սկսել այնքան անհրաժեշտ է, նայած ինչ հայացքով նայենք այս գործընթացին։ Եվ մենք ամբողջ թափով և համոզմունքով մտնում ենք այս պայքարի մեջ։ Ես ունեմ խորը վստահություն, որ հաջողության հասնելու ենք, և այդ հաջողության մեջ զգալի լումա ունենալու եք դուք»։


