չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Իշխան Սաղաթելյանն ու մի քանի այլ պատգամավորներ հանդիպում են ոստիկանապետի հետ

Իշխան Սաղաթելյանն ու մի քանի այլ պատգամավորներ հանդիպում են ոստիկանապետի հետ

Այս պահին մի քանի ընդդիմադիր պատգամավորներ հանդիպում են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։

Քիչ առաջ ոստիկանության կենտրոնական շենքի առաջ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ՛՛Դիմադրություն՛՛ շարժումը ոստիկանության հետ որեւէ հարց չունի, իրենց խնդիրը Նիկոլ Փաշինյանն է, որի հենարանը, ըստ Սաղաթելյանի, ոստիկաններն են։

՛՛Դուք պետք է ծառայեք Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ թե այդ խելագարին՛՛,-նշեց նա:

Ներկայացնելով իրենց շարժման պահանջները՝ Սաղաթելյանն ասաց, որ առաջին պահանջն այն է, որ այս օրերին ցուցարարների եւ պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները գործունեությունը պետք է կասեցվի եւ նրանք քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Երկրորդ պահանջն այն էր, որ պարզվի, թե ովքեր են ապօրինություններ գործող ոստիկաններին հրահանգներ եւ երաշխիքներ տալիս։

Երրորդ պահանջն ուղղված էր ոստիկանապետին. «Դիմադրություն» շարժման մասնակիցները պահանջում են, որ ոստիկանապետը դատապարտի այս օրերին տեղի ունեցած վայրագությունները։ Վերջին պահանջը ոստիկանապետի հետ հանդիպումն է։

Կարճ ժամանակ անց Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանապետը պատրաստ է հանդիպել իրենց հետ։ Սաղաթելյանը շարժման մասնակիցներին կոչ արեց շենքի դիմաց սպասել, իսկ ինքն ու մի քանի այլ պատգամավոր կգնան Վահե Ղազարյանի հետ հանդիպման։

  • Կիսվել: