Իրավիճակը կայուն չէ հայ-ադրբեջանկան սահմանին. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ
Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակն Արցախում կայուն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ԼՂ-ում իրավիճակը կայուն է, սակայն, երբեմն, անկայունության օջախներ են ստեղծվում, և այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել գնահատումներով, թե ինչու է դա տեղի ունենում: Անկայուն է նաև իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այստեղ ևս վերջին 2 ամիսներին անհանգիստ է իրավիճակը: Այս առիթով բազմիցս խոսել ենք, այստեղ նույնպես մշտական անհանգստության օջախ կա վերջին երկու ամսվա ընթացքում՛՛:
Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ հարցով քննարկում տեղի կունենա այսօր:
Նա հիշեցրեց, որ ընթացիկ տարում սա արդեն իր 3-րդ հանդիպումն է Պուտինի հետ Մոսկվայում, ինչը 2 երկրների ամուր հարաբերությունների մասին է փաստում։
Փաշինյանը հավելեց` իհարկե, հանդիպումների ժամանակ առավել հաճախ անվտանգության մասին են խոսում, քանի որ տարածաշրջանում ոչ ստաբիլ է իրավիճակը։
Փաշինյանը նշեց նաև, որ բոլորը գիտեն Պուտինի գործադրած անձնական, ինչպես նաև ՌԴ ջանքերը 44-օրյա պատերազմից հետո հրադադարի հաստատման գործում։
Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։


