երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի

Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի

Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի։ Այդ մասին հայտարարվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը, փոխանցում է 24news.am-ը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովը հիանալի հարթակ է երկու երկրների ղեկավարների հայտարարած նպատակին հասնելու համար՝ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի, այնուհետ՝ 3 մլրդ-ի:

Նրա խոսքով՝ Իրանը Հայաստանի համար ոչ միայն հարևան է, այլև կարևոր գործընկեր։ Այս առումով նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:

Փոխվարչապետը կարեւոր է համարել նաև Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացումը՝ նշելով, որ դա մեծապես կնպաստի տնտեսական և առևտրային կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ նորերի հաստատմանը:

Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանի համար կարևոր է «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏԿ նախագծի իրականացումը: Նա նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Այդ կապակցությամբ նա հիշատակել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ստորագրված համաձայնագիրը։

Գրիգորյանը կարևորել է նաև տնտեսական անվտանգությունն ու կայունությունը և այդ կապակցությամբ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Փոխվարչապետը հայտարարել է, որ Հայաստանը երախտագիտություն է հայտնում Իրանին Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում դիրքորոշման համար:

  • Կիսվել: