Ինտերնետը Ադրբեջանում անջատած է, լրատվամիջոցները փակ են և դրա հիմնական նպատակը սեփական կորուստները թաքցնելն է. Ադրբեջանագետ
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը փորձում էր տեղեկատվական դաշտում պատկերացում ստեղծել, որ իբր հայկական կողմն է ՀՀ տարածքից հարվածում Ադրբեջանին, այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Ներքին դաշտում տեղեկատվական գործողություններից հետո, ըստ Հովհաննիսյանի, Ադրբեջանը սկսեց հարձակում գործել Վարդենիսի ուղղությամբ՝ զորամասի ու դիրքերի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքով հարված եղավ քաղաքացիական ավտոբուսի վրա:
«Հայաստանի զինված ուժերը այս ուղղությամբ դիմել են պատասխան գործողությունների, և դրանք դեռևս ծավալվելու են ու լինելու են շատ ավելի կոշտ: Այս պահի դրությամբ Ադրբեջաի Զինված ուժերի գրոհներից մեկը հետ է մղվել, բավականին լուրջ կորուստներ են նրանք ունեցել», -հայտարարեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ հայկական զինված ուժերը արդյունավետ գործողություններ են շարունակում վարել, և Արդբեջանի զինված ուժերի շրջանում կորուստների թիվը շարունակում է աճել:
Ադրբեջանագետն ասաց, որ Ադրբեջանում այս պահին լրատվական միջոցները փակ են, ինտերնետը չի աշխատում, սոցցաներում խիստ սահմանափակում կա: «Հիմնական նպատակը իրենց կորուստները թաքցնելն է», -հավելեց Հովհաննիսյանը: