ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինձ շարունակում է ոգեշնչել հայերի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին. ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ

Ինձ շարունակում է ոգեշնչել հայերի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին. ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ

ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Երևանից տեսաուղերձ է տարածել՝ նշելով, որ իրեն շարունակում է ոգեշնչել հայերի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին:

Ռիքերը, մասնավորապես, ասել է. «Հաճելի է կրկին լինել Երևանում: Սա իմ երկրորդ այցն է ներկա կարգավիճակով՝ որպես ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական: Ինչպես իմ նախորդ այցելությունների ժամանակ, ինձ շարունակում է ոգեշնչել հայերի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք կիսում են մեր երկու երկրները։

Չնայած երկրի առջև ծառացած մարտահրավերներին՝ ժողովրդավարության հանձնառությունից է կախված նաև Հայաստանի ու ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան։ Ես շնորհակալ եմ կառավարության անդամներին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին և արտգործնախարար Միրզոյանին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ կողմերին՝ կարևոր ու արդյունավետ հանդիպումների համար։

Այս շաբաթվա սկզբին ես նմանատիպ հանդիպումներ եմ ունեցել Բաքվում, ինչպես նաև Թբիլիսիում։ Միացյալ Նահանգները բարձր մակարդակներում` ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի ուղիղ բանակցություններին: Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը։

Խորապես համոզված ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը, դիվանագիտությունը, ոչ թե ռազմական գործողություններն են առանցքային` խնդիրների լուծման և բոլորի համար համապարփակ, կայուն խաղաղության ու բարեկեցության հասնելու գործում:

Բոլորս հասկանում ենք, որ դա դյուրին չէ, բայց ես ուզում եմ վերահաստատել այն, ինչ ասել է պետքարտուղար Բլինքենը Վաշինգտոնում արտգործնախարար Միրզոյանի և ԱԳ նախարար Բայրամովի հետ հանդիպման ժամանակ՝ ԱՄՆ-ը վճռական է անելու հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու տևական խաղաղության հաստատմանն ուղղված ձեր ջանքերին»:

  • Կիսվել: