երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ինձ մի պահ թվում էր, թե խոսողը ոչ թե Հայաստանի կառավարիչն է, այլ Ադրբեջանի նախագահը․ Սերժ Սարգսյան

Ինձ մի պահ թվում էր, թե խոսողը ոչ թե Հայաստանի կառավարիչն է, այլ Ադրբեջանի նախագահը․ Սերժ Սարգսյան

Բացարձակապես որևէ խոստում բանավոր չի եղել. դա մեր գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել և այլն, և այլն` լինի դա էական, թե ոչ էական: Այս մասին իր բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը բանավոր խոստումներ է տվել, եւ որ 2018-2019 թվականներին արդեն այդ խոստումները կյանքի կոչելու ժամանակն էր, եւ այդ խոստումներն արձանագրված չեն որևէ փաստաթղթում:

Սարգսյանը, մասնավորապես, նշեց. «Երբ որ ես լսում էի այդ հարցազրույցում Արցախի խնդրի հետ կապված հատվածները, ուղղակի ապշահար էի եղել, որովհետև հնչում էին այսպես ասած «փաստարկներ», որոնք ես լսել եմ 2008 թվականին, 2009 թվականին, 2010 թվականին՝ Ադրբեջանի նախագահի կողմից, և ինձ մի պահ թվում էր, անկեղծորեն եմ ասում, թե խոսողը ոչ թե Հայաստանի կառավարիչն է, այլ Ադրբեջանի նախագահը: Եվ ցավ էի ապրում, որովհետև այլևս ինքը չի կարողանալու օգտագործել այն օբյեկտիվ փաստարկները, որ լավ հնարավորություն են տալիս մեզ հասնելու Արցախի կարգավիճակին, որովհետև եթե վաղը ինքը փորձի այդ փաստարկները բերել, հիշեցնելու են իր իսկ ասած խոսքերը»:

Նա հավելեց, որ երկրորդ հանգամանքն այն է, որ իր դիտարկումներով, Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում. «Հուսախաբության մթնոլորտ կա: Եվ սրանց պնդումները, սրանց՝ ես նկատի ունեմ և՛ գործող իշխանություններին, և՛ Ադրբեջանի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ-որ կերպ ազդել է այդ մարդկանց վրա»:

ՀՀ երրորդ նախագահը շարունակեց. «Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ»:

  • Կիսվել: