կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինձ համար շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը. Կլաարը՝ խաղաղության պայմանագրի մասին

Ինձ համար շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը. Կլաարը՝ խաղաղության պայմանագրի մասին

Մենք միանշանակ հավատում ենք, որ ԼՂ բնակիչների վերադարձի հնարավորությունը շատ կարեւոր բան է, որ առաջին հերթին նրանց վերադարձի  իրավունքը երաշխավորված լինի. եւ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Մենք դա շատ հստակ ասել ենք ԵՄ-ի տեսանկյունից, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եթե ցանկանում են դա անել: Եվ այդ առումով սա մի հարց է, որը մենք առաջ ենք քաշել տարբեր հարթակներում: Կարծում ենք՝ սա շատ կարեւոր խնդիր է, որը պետք է լուծվի։ Բայց, իհարկե, ոչ ոքի չի կարելի ստիպել վերադառնալ, եթե մարդիկ չցանկանան։ Բայց, եթե վերադառնալ ցանկացողներ լինեն, ապա պետք է առավելագույն ջանքեր գործադրել նրանց այնպիսի պայմաններով ապահովելու համար, որոնք թույլ կտան, որպեսզի այդ մարդկանց մեծ մասը վերադառնալու որոշում կայացնի»,-ասել է նա:

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում խաղաղության պայմանագիրը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ծավալապաշտական հռետորաբանությունը, եւ ի՞նչ կետեր պետք է ներառվեն դրանում, որպեսզի այն լինի արդար, հավասարակշված և ապահովի կայունություն, Կլաարը պատասխանել է. «Կարծում եմ՝ կարեւոր է, որ մի կողմից ունես պայմանագիր, ունես տեքստ, որը կարող է իր ձևակերպմամբ շատ ընդգրկուն լինել կամ ոչ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն,  ինչպես կձեւակերպեն այդ պայմանագրի տեքստը: Նույնքան կարեւոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ, իհարկե, պետք է խոսենք հաղորդակցությունների բացման մասին, խոսենք սահմանի սահմանազատման մասին։ Ինձ համար նաեւ շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը, անվտանգության իրական զգացումը, որը կտրվի սահմանի երկայնքով գտնվող բնակիչներին, բայց նաեւ ավելի լայն մասշտաբով:

Եվ հետո, իհարկե, դուք ունեք այն բոլոր հարցերը, ինչպիսիք են, գիտեք, դեսպանատների բացումը, ուղիղ օդային կապերի բացման ապահովումը, մարդկանց փոխադարձ ճանապարհորդելու հնարավորությունը: Հռետորաբանությունը, բնականաբար, նույնպես կարեւոր է լինելու բոլոր շահագրգիռ կողմերի համար։

Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խոսքը ոչ միայն Ադրբեջանի կողմից հռետորաբանության մասին է, այլ նաեւ Հայաստանի։ Եղել են հայտարարություններ տարբեր դերակատարների կողմից եւ տարբեր համատեքստերում: Ամբողջ համատեքստը պետք է փոխվի Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչության համար իսկապես զգացողություն ապահովելու առումով, որ, իրոք, մենք հիմա այլ աշխարհում ենք, մի իրավիճակում, երբ Հարավային Կովկասն իսկապես կարող է կատարել իր դերը՝ որպես խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ՝ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով։

Սա ինձ համար առնվազն նույնքան կարեւոր է, որքան խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրումը, որը, ինչպես ասում եմ, կարեւոր է, բայց այն, ինչ հետեւում է դրան, առնվազն նույնքան կարեւոր է, որպեսզի հանգամանքների փոփոխության այս իրական զգացումը լինի»:

  • Կիսվել: