Ինչպես Ղրիմի հարցում, աջակցում ենք Ուկրաինային, այնպես էլ Ղարաբաղի հարցում մենք Ադրբեջանի կողքին ենք. Չավուշօղլու
Ադրբեջանի ռազմական պոտենցիալը բավական է «Հայաստանի հարձակումները հետ մղելու համար», բայց անհրաժեշտության դեպքում Թուրքիան նրան կցուցաբերի իր պահանջած ռազմական օգնությունը։ Նման սադրիչ և լկտի հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է regionmonitor.com-ը՝ ներկայացնելով Չավուշօղլու՝ Anadolu գործակալությանը տված հարցազրույցը։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային Ղրիմի հարցում, Վրաստանին, և մենք իրավացի ենք ։ Նմանապես աջակցում ենք նաև Ադրբեջանին։ Եթե պետք լինի, մենք կօգնենք, բայց հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանի հնարավորությունները բավարար են։ Մենք ռազմական համագործակցություն ունենք նրա հետ, և Ադրբեջանն իրեն անհրաժեշտ ամեն ինչ այլ երկրներից է ստացել, և դա իր իրավունքն է։ Մարտի դաշտում մենք կարող ենք օգնել, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- ասել է Չավուշօղլուն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։