հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Իմ քայլի» հետքայլը. ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական չեն դառնա

«Իմ քայլի» հետքայլը. ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական չեն դառնա

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հետքայլ արեց. ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում մերժվեց:

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցությունն ավելի վաղ կողմ էր արտահայտվել ու քվեարկել «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված օրենքի նախագծին առաջին ընթերցման ժամանակ։ Երկրորդ ընթերցման ժամանակ երբ արդեն պետք է կայանար քվեարկություն, «Իմ քայլը» ժամանակ խնդրեց առաջարկել լուծումներ, ինչին «Լուսավոր Հայաստանը» դեմ չէր:

Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովում օրենսդրական փաթեթի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը այսօրվա նիստում հայտարարեց, որ նախագիծը չեն կարող ընդունել, քանի որ հնարավոր չի եղել «գտնել այնպիսի մոդել, որը իրոք ազատականացված կլինի ու թույլ կտա ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում նշանակել համակարգից դուրս մարդկանց»։

Վարդանյանը նաև նշեց, որ իրավիճակը ոստիկանության ու ԱԱԾ համակարգերում կխաթարվեր, եթե նշված պաշտոնների նշանակման չափորոշիչները փոխվեին, իսկ նրանց տեղակալների նշանակման հարցում փոփոխություններ չլինեին։

«Գաղափարին իշխող խմբակցությունն ու մյուս խմբակցությունները դրական վերաբերմունք ունեին, բայց գաղափարը մի բան է, օրենսդրական կանոնակարգումները այլ բան են։ Մենք պիտի այնպես անենք, որ համակարգը չխարխլվի»,- ընդգծեց Վարդանյանը։

  • Կիսվել: