կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ի՞նչ կարիք կա՝ ամեն դուրս եկողը, ժամացույցի նման լարված, սկսի փնովել մեզ․ ՔՊ պատգամավոր․ «Հրապարակ»

Ի՞նչ կարիք կա՝ ամեն դուրս եկողը, ժամացույցի նման լարված, սկսի փնովել մեզ․ ՔՊ պատգամավոր․ «Հրապարակ»

«Հրապարակը» զրուցել է ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ․

- Պարոն Ասլանյան, վերջին օրերին, մինչ խորհրդարանում ընդդիմադիրների հարցերն էիք լուծում, ադրբեջանցիներն առաջ են եկել Սյունիքում, երեկ գիշերվանից փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ Ի՞նչ կասեք այս մասին, սա՞ էր ձեր խոստացած ապագան։

- Ոչինչ չեմ կարող ասել, ես ամբողջությամբ չեմ տիրապետում, թե ինչ է կատարվում։

 

- Մոտ մեկ օր է՝ փակ է ճանապարհը, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու է փակվել, չե՞ք փորձել հասկանալ՝ ինչ է կատարվում Սյունիքում։

- Չեմ հասցրել։

- ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը սյունեցիներին հուսադրեց, թե «նորմալ գրունտային ճանապարհ ունենք»՝ Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանք, այնտեղով երթեւեկեք։ Հարավո՞ր է, որ չնահանջեն ադրբեջանցիներն այդ ճանապարհից, ինչպես Սեւ լճի դեպքում եղավ։

- Ես Ձեզ ասում եմ, որ ոչինչ ասել չեմ կարող, քանի դեռ լիարժեք չեմ տիրապետում իրավիճակին։

- Մենք կարո՞ղ ենք հանգիստ լինել, որ ոչ մի վտանգավոր բան էլ չկա, հակառակ դեպքում, ասենք, Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ չէր մեկնի, Դուք ժամ առաջ կիմանայիք, թե ինչու են ադրբեջանցիները սյունեցիներին զրկել ազատ տեղաշարժի իրավունքից։

Լռում է։

- Իսկ հնարավո՞ր է, որ նման միջադեպերը լայնամասշտաբ պատերազմի հանգեցնեն։

- Ոչ, բացառված է, չկա նման վտանգ։

- Այդ դեպքում ի՞նչ է նրանց ուզածը։

- Ես ասացի, որ այս թեմայով չեմ ուզում խոսել։

- Լավ, իսկ կասե՞ք՝ ինչո՞ւ խորհրդարանը վերածվեց մարտադաշտի, սրա՞ն է արժանի ՀՀ քաղաքացին։

- Խորհրդարանի հարցը չէ, սա ընդդիմություն կոչվող ռեւանշիստների խմբակի հարցն է, որի նպատակը չի եղել գալ խորհրդարան եւ երկրի համար լավ բան անել։ Ենթադրենք՝ հենց հիմա իշխանությունը վերցրին, կարո՞ղ են հետ բերել (նկատի ունի Արցախը)։ Իրենք դեռ խորհրդարան չեկած՝ հայտարարում էին, որ գնում ենք իշխանությունը վերցնելու, խրամատավորվելու։ ԱԺ-ն խրամատավորվելու, իշխանություն վերցնելու տեղ չէ։ 

- Այսինքն՝ ընդդիմությունն ինչպե՞ս պետք է իրեն պահի, որ էլ նման միջադեպեր չլինեն։

- Չպետք է գնա պրովոկացիաների, ի՞նչ կարիք կա՝ ամեն դուրս գալացողը, ժամացույցի նման լարված, սկսի փնովել մեզ ու անվանարկի։ Իրենց նպատակն ԱԺ աշխատանքները պարալիզացնելն է։ Սա դատապարտելի է։

- Երբ իշխանություններին ասում են «կապիտուլյանտ, դավաճան, Արցախը հանձնած», դա պրովոկացիա՞ է, թե՞ իրականության մասին հիշեցում։

- Գլուխները քարին են տալիս։ Իրենք չգիտեն «կապիտուլյանտ» բառի իմաստը, մարդուն դավաճան կարող է որակավորել միայն դատարանը։

- Իսկ վիրավորա՞նք է, թե՞ պրովոկացիա, որ վարչապետին միայն անունով են դիմում։

- Վիրավորանք է, երկրիդ վարչապետին պարտավոր ես հարգել՝ ուզես, թե չուզես, որովհետեւ նա վարչապետ է, եւ 700 հազար մարդ նրան է ընտրել։

- «Քաղպայմանագրի» պաստառի վրա էլ միայն «Նիկոլ» էր գրված։

- Գիտե՞ք ինչ կա, Ձեր տանը կարող եք թույլ տալ, որ Ձեզ «Լուսո» ասեն, բայց դրսում կարող եք ուրիշներին թույլ չտալ, այսինքն, մարդու իրավունքն է՝ ուրիշին թո՞ւյլ տալ իրեն այդպես կոչել, թե՞ ոչ։ Եթե մարդն ուզում է, որ իրեն այդպես չդիմեն, իսկ ԱԺ-ն էլ պահանջում է, որ այդպես չդիմեն, ուրեմն ընդդիմադիրները պարտավոր են ենթարկվել։

- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյա՞նն է պահանջել, որ իր մասին խոսելիս անունով չխոսեն, դրա համար էլ Ալեն Սիմոնյանը ցայտնոտի մեջ է ընկնում՝ նկատողություն հայտարարում այն պատգամավորներին, ովքեր «Նիկոլ» են ասում։

- Ոչ, դա մեր ցանկությունն է, մենք պահանջում ենք, որ մեր լեգիտիմ ընտրված վարչապետին դիմեն այնպես, ինչպես մենք ենք դիմում։

- Բայց դուք կարող եք նրան նաեւ ասել՝ ձերդ գերազանցություն կամ՝ թագավորն ապրած կենա, կամ էլ․․․

- Կներեք, մենք ունենք էթիկայի կանոններ, անկախ ամեն ինչից՝ պետք է դիմեն «պարոն վարչապետ»-ով․․․

- Մոռացե՞լ եք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես էր ժամանակին խոսում Սերժ Սարգսյանի մասին։

- Գիտե՞ք ինչ կա․․․ եթե դա սխալ էր, թող բռնեին ու դատեին այն ժամանակ։ ․․․Ոչ, իրենք ավելի դեմոկրատ չէին, պարզապես բանի տեղ չեն դրել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու ժողովուրդն իրենց համար զրո են եղել, ասել են՝ թող խոսեն, մեկ է՝ մեր իշխանությունը հավերժ է։

- Իսկ էլի ֆրակցիա՞ն է որոշել, որ Նիկոլ Փաշինյանի դիմանկարը պիտի կախեք ձեր աշխատասենյակներում։

- Չկա նման բան։ Իմ սենյակում չկա կախված նկար։

- Առաջիկայում գուցե կախեք։

- Եթե խմբակցությունը հատուկ որոշում կայացնի, գուցե կախեմ, բայց եթե թողնվել է, որ ամեն մարդ իր ուզածով կախի, ես չեմ անի, որովհետեւ չեմ սիրում կուռքեր սարքել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: