ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ընդգծեց հայ-հունական բացառիկ և եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը

Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ընդգծեց հայ-հունական բացառիկ և եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 14-ին խորհրդարանում հանդիպեց Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ` կառավարող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսի գլխավորությամբ:

Հայաստանի դեսպանը իր երախտագիտությունը հայտնեց հյուրընկալող կողմին նոր ձևավորված բարեկամության խմբի հետ հանդիպման համար։ Դեսպանն ընդգծեց բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և այդ համատեքստում անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտությանը որպես կարևոր հարթակ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում:

Ընդգծելով փոխադարձ այցերի և իրավիճակին տեղում ծանոթանալու կարևորությունը, դեսպան Մկրտչյանը վերահաստատեց հայկական կողմի հրավերը Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբին այցելել Հայաստան՝ պարոն Կալաֆատիսի գլխավորությամբ։

Ստավրոս Կալաֆատիսն իր հերթին ընդգծեց հայ-հունական բացառիկ և եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը, որը ևս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտ է խթանել և է՛լ ավելի խորացնել այդ կապերը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության։
Հույն խորհդարանականը նաև հավելեց, որ հունական կողմը պատրաստ է ընդունելու և քննարկելու մտքեր, առաջարկներ, քայլեր, որոնք կծառայեն ընդհանուր նպատակներին։ Այս համատեքստում կարևորեց երկկողմ այցերի իրականացումը և սիրով ընդունեց հայկական կողմի՝ Հայաստան այցելելու հրավերը։

«Մենք խորապես հավատում ենք խորհրդարանական դիվանագիտության ներուժին»,- նշեց նա դեսպան Մկրտչյանի հետ հանդիպման ավարտին:

Դեսպան Մկրտչյանը բարեկամական խմբին ներկայացրեց նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի քայլերը, այդ թվում և վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Այս համատեքստում ընդգծվեց ԵՄ հետ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հրամայականը։

  • Կիսվել: