ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Ինչու է հրաժարական տվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը. «Հրապարակ»

Ինչու է հրաժարական տվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հրաժարական ներկայացրեց: Մենք տեղեկացանք՝ բուն պատճառն այն է, որ առաջիկայում այդ վարչությունը վերակազմավորվելու է և վերածվելու է փոքր բաժնի, որը միայն մանկապարտեզներով կզբաղվի։

Մեր տեղեկություններով՝ պատճառը կրթության ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է։ Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է մարզերում. սեպտեմբերից մարզպետարաններից դպրոցների կառավարման մի շարք գործառույթներ փոխանցվել են ԿԳՄՍ նախարարությանը, ուստի մարզպետարաններում նման մեծ բաժիններ պահելն այլևս անիմաստ է։

2027 թվականի սեպտեմբերից նույնը նախատեսվում է իրականացնել Երևանում. Երևանի քաղաքապետարանի ենթակայությունից դպրոցները կանցնեն ԿԳՄՍՆ-ի ենթակայության ներքո։ Թեև դեռ քաղաքապետարանում վերջնական որոշում չկա, բայց քննարկվում է հարցը, թե արդյո՞ք միայն մանկապարտեզների հարցերով առանձին վարչություն պահելու անհրաժեշտություն կա, գուցե այն վերակազմավորել բաժնի՞։

Ինչ վերաբերում է Մարգարիտ Խաչատրյանի անսպասելի հրաժարականին, ըստ էության, դեռ մեկ տարի վարչությունը գործելու է, մեզ ասացին, որ նա լավ առաջարկ է ստացել և նախընտրել է ժամանակից շուտ հեռանալ` չսպասելով կառուցվածքային փոփոխություններին։ ԿԳՄՍՆ-ից մեզ հավաստիացրին, որ Խաչատրյանին նախարարությունում որևէ պաշտոնի նշանակելու վերաբերյալ գործընթաց չկա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: