երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հովիկ Աղազարյանն առաջարկում է քվեախցիկները շրջել, քվեարկողը մեջքով կանգնած լինի դեպի հանձնաժողովը

Հովիկ Աղազարյանն առաջարկում է քվեախցիկները շրջել, քվեարկողը մեջքով կանգնած լինի դեպի հանձնաժողովը

Ղրղզստանում քվեախցիկները տեղադրված չեն այնպես ինչպես մեզ մոտ: Մեզ մոտ տեղադրվում է այնպես, որ քվեարկողը մեջքով լինի դեպի պատը և չերևա, իսկ իրենց մոտ հակառակն էր՝ քվեախցիկները շրջված էին և, ըստ էության, քվեարկողը մեջքով դեպի հանձնաժողովի անդամներն էր: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ընդգծելով, որ վերջերս ՀԱՊԿ-ի առաքելության շրջանականերում եղել է Ղրղզստանում, որտեղ անց էր կացվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հետաքրքիր կազմակերպչական գործընթացի ականատես է եղել, որով և կիսվում է: Աղազարյանն առաջարկեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, մեզանում ևս այս հարցը քննարկման առարկա դարձնել. «որովհետև ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում այս հանգամանքը շատ կարևոր է, որովհետև ո՛չ կարող են նկարել իրենց բուլետենը, ո՛չ կարող են դնել գրպանը, ո՛չ էլ գրպանից ինչ որ բան հանել»,- նշեց Աղազարյանը:

Տիգրան Մուկուչյանն էլ անդրադառնալով Աղազարյանի հարցին ասաց, որ ժամանակին, ըստ էության, ունեցել ենք նման լուծում, պարզապես այստեղ էլ կա խնդիր.

«Այո՛, կարելի է տեսնել, որ անձը կանգնած է թիկունքով, այնտեղ քվեարկում է, բայց մյուս կողմից էլ այդտեղ կա այն ռեալ վտանգը, որը անձը կարող է ուղղակի այդ քվեաթերթիկը ցույց տա սենյակում գտնվող անձանց»,- ասաց Մուկուչյանն ու հավելեց, որ դա է եղել պատճառ ժամանակին , որ նման կերպ էին տեղադրել քվեախցերը:

«Եթե կարող ենք քննարկել ու գտնել ավելի լավ լուծումներ, որը կնպաստի հանրային վերահսկողության իրականացմանը՝ միայն կողմ եմ: Այստեղ կարելի է տարբեր փորձեր ուսումնասիրել, գտնել ավելի լավագույնը և դա կիրառել։ Այստեղ որևէ խնդիր չկա և դա դոգմա չի»,- ասաց Մուկուչյանը:

Աղազարյանն էլ արձագանքելով ասաց, որ Մուկուչյանի ասած անհանգստությունը ինքը ևս կիսում է, բայց պատշաճ հեռավորություն  և զգոնություն պահելու դեպքում կարելի է այդ բացասական դրսևորումը շրջանցել. «Եթե չլինեն այլ հավանական սև կետեր, միգուցե իսկապե՞ս մտածենք, առիթի դեպքում քննարկենք այս հարցը»:

Տիգրան Մուկուչյանն էլ ասաց, որ «խնդիր չկա».

«Լուծում է, որը կարելի է քննարկել, գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը  որոնք դրանով պայմանավորված կարող են լինել և այդ ռիսկերի գնահատման արդյունքում որոշել՝ այս մեխանիզմը, կամ այն մեխանիզմը»,- ասաց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

  • Կիսվել: