երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հնարավոր է` ՍԴ դատավորներից որևէ մեկը չօգտվի այս հնարավորությունից. Մակունցը` վաղաժամ թոշակի գնալու օրինագծի մասին

Հնարավոր է` ՍԴ դատավորներից որևէ մեկը չօգտվի այս հնարավորությունից. Մակունցը` վաղաժամ թոշակի գնալու օրինագծի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վերահաստատեց, որ փետրվարին ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է նաև սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր:

Մակունցը տեղեկացրեց, որ այդ խումբը ձևավորող արդարադատության նախարարությունը կլինի հնարավորինս ներառական՝ ներգրավելով անձանց ոչ միայն նախարարությունից, կառավարությունից, այլև խորհրդարանից, այդ թվում ընդդիմությունից. «Այնպես որ, կարծում եմ՝ պարոն Մարուքյանը հնարավորություն կունենա իր դիտարկումները, առաջարկները ներկայացնելու, մենք ևս մեր առաջարկները կներկայացնենք»:

Մակունցն անդրադարձավ նաև ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու աղմկահարույց օրինագծին: Նշենք, որ այդ նախագծով ՍԴ անդամներին հնարավորություն է տրվում մինչև հունվարի 31-ը հրաժարական տալ և պահպանել իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակը:

«Նպատակը ոչ թե վստահության ճգնաժամը լուծելն է, այլ քայլեր ձեռնարկել վստահությունը վերականգնելու և ինչ-որ կերպ առողջացման գործընթացին նպաստելու: Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ դատական համակարգի ներսից կատարվող փոփոխություններն ամենախրախուսելին են»,-ասաց Մակունցը և հավելեց. «Դատական համակարգն ու դատավորները պետք է պատրաստ լինեն որոշակի քայլերի և ընդառաջման գնալու: Սա այն տարբերակն է, որը քննարկվել է մեր միջազգային գործընկերների հետ և առաջարկվում է օգտվել նաև նման հնարավորությունից: Թե որքանով ՍԴ դատավորները կօգտվեն այդ հնարավորությունից, ես չեմ կարող ասել, հնարավոր է, որ որևէ մեկն էլ չօգտվի»:

  • Կիսվել: