կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՀ ԶՈւ-ն սպառազինության որևէ խնդիր չի ունեցել 44-օրյայի ընթացքում. Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ին

ՀՀ ԶՈւ-ն սպառազինության որևէ խնդիր չի ունեցել 44-օրյայի ընթացքում. Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ին

ԱԺ ճեպազրույցների ժամանակ իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչները նորից քննադատեցին նախկիններին: Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե մեր զինվորները «բանկա, բութուլկաների» հետևն են կանգնած եղել, իսկ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ժողովրդից, որը նաև նախկին բոլոր ղեկավարների անունից է:

Այս մեղադրանքներին անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ապատեղեկատվություն պետք է արժանանա հերքման:

Ըստ Մամիջանյանի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա ու ներողություն խնդրի նաև նրա համար, որ հոկտեմբերին զինադադար չի կնքել, ու առնվազն հոկտեմբերի կեսերից սկսած բոլոր զոհերը նրա անձնական պատասխանատվությունն են:

«Թող գնա ներողություն խնդրի նրա համար, որ իրեն դավաճան չանվանելու համար, հաջորդ արտահերթին թեկնածու առաջադրվելու համար ինքն այդքան լույս տղաների զոհեց:
Մեկ էլ պահեստների լիուլի լինելու մասին էին խոսում. ես թիվ չեմ հնչեցնի, բայց կասեմ, որ կեսից պակասն է օգտագործվել առկա արկերի: ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, և դա եղել է մեր թողած և ձեռք բերած սպառազինության հաշվին: Բազմիցս խոսվել է նրա մասին, որ ՀՀ զինված ուժերը 50 տոկոսից պակաս են ներգրավված եղել պատերազմի ընթացքում», - շեշտեց պատգամավորը;

  • Կիսվել: