չորեքշաբթի, հունիս 19
19 / 6 / 2024
ՀՀ ընտրական համակարգը բացառում է որևէ միջամտություն. Վահագն Հովակիմյան

ՀՀ ընտրական համակարգը բացառում է որևէ միջամտություն. Վահագն Հովակիմյան

Նախկին ԿԸՀ գործունեությանը, նախկին ընտրություններին զերծ կմնամ անդրադառնալուց, որովհետև այդ բոլոր գնահատականները, ըստ էության, քաղաքական են: Ես՝ որպես ԿԸՀ նախագահ, չեզոքությունը խախտած կլինեմ, եթե որևէ կերպ անդրադառնամ նախկին ԿԸՀ-ների գործունեությանը: Այսպես պատասխանեց ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում նախկին ԿԸՀ միջամտությունների վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Իր խոսքում Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց նախկին ԿԸՀ կազմերին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: 

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների հարցում միջամտությանը, Հովակիմյանը նկատեց՝ ներկայիս ընտրական համակարգն այնպիսին է, որ որևէ միջամտություն բացառվում է, քանի որ քվեարկության ընթացքն օնլայն հեռարձակվում է:

«Ի՞նչ միջամտության մասին է խոսքը: Բոլորն ուղիղ եթերում հնարավորություն ունեն հետևելու ընտրությունների ընթացքին: Ընտրությունների ժամանակ հանձնաժողովների բոլոր նիստերը ուղիղ հեռարձակվում են, այսինքն՝ ՀՀ ընտրական համակարգն այսուհետ բացառում է որևէ միջամտություն: Այլևս անձերով չի պայմանավորվի, ու ես շատ գոհ եմ, որ այդ օրենսդրության ձևավորմանը նախկինում նպաստել եմ իմ գործունեությամբ»,- ասաց Հովակիմյանը:

Աղազարյանը հարց ուղղեց նաև որոշ քաղաքական ուժերի կողմից մարդկանց՝ որոշակի շահագրգռության դիմաց քվեաթերթիկները նկարելու դեպքերին, ինչին ի պախասխան՝ ԿԸՀ նախագահը նկատեց՝ համամասնական ընտրակարգում կա քվեաթերթիկների առանձին ինստիտուտ, որը վերահսկողությունը դարձնում է անիմաստ: 

«Ընտրական համակարգի հետ կապված մեր օրենսդրությունը իրոք շատ լավն է: Նման բազմաթիվ խնդիրներից մեզ զերծ է պահում»,- հավելեց նա:

  • Կիսվել: