շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ պետական սահմանին նկարահանումները կարգելվեն. նոր որոշում

ՀՀ պետական սահմանին նկարահանումները կարգելվեն. նոր որոշում

ԱԱԾ–ի առաջարկած նախագիծը, որը չզեկուցվող հարցերից էր, այսօր ընդունվեց կառավարության նիստում:

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արգելել ՀՀ պետական սահմանին տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով նկարահանումներ իրականացնել առանց թույլտվություն ստանալու։

ԱԱԾ-ն ներկայացրել է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը, որտեղ մասնավորապես նշվում է.

«Արգելվում է առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինություններ, դիտաշտարակներ, տրանսպորտային միջոցներ»:

 «Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից. սա բողոքի տեղիք է տալիս: Նշվում է նաև, որ նկարահանումները կարող են խիստ բացասական անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանման համար»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

  • Կիսվել: