ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ն կստանա գործուն հնարավորություն սահմանազատման գործընթացը լեգիտիմ ընթացքով կազմակերպելու․ Ղազարյան

ՀՀ-ն կստանա գործուն հնարավորություն սահմանազատման գործընթացը լեգիտիմ ընթացքով կազմակերպելու․ Ղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։

Այս կապակցությամբ Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն կունենա սահմանազատված պետական սահման:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացը` հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն իր հերթին կենթադրի սահմանազատման և անվտանգային ռիսկերի նվազեցում` առաջին անգամ Ադրբեջանի հետ ունենալով սահմանազատված սահման` որպես պատմական իրողություն։

Այդուհանդերձ, Հայաստանը կստանա գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ եւ լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները»,- գրել է Ղազարյանը։

Նշենք, որ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

  • Կիսվել: