երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ի ու ԱՀ-ի անվտանգությունը կախված է Փաշինյանի քմահաճույքներից. Կոնստանտին Տեր-Նակալյան

ՀՀ-ի ու ԱՀ-ի անվտանգությունը կախված է Փաշինյանի քմահաճույքներից. Կոնստանտին Տեր-Նակալյան

Վերջին 48 ժամում մենք չենք կարողանում ՀՀ իշխանություններից որևէ հոդաբաշխ պատասխան ստանալ, թե ինչ է տեղի ունեցել Բրատիսլավայում, ինչ օրակարգի շուրջ է եղել հանդիպումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալայանը:

Անդրադառնալով Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին, նա նշեց.

«Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ: Մենք ունենք իրավիճակ, երբ պաշտոնական գերատեսչությունը՝ ԱԳՆ-ն, ամեն գնով փորձում է մեզ հրամցնել, որ դրանք բանակցություններ չեն, այլ՝ կոնսուլտատիվ բնույթի հանդիպումներ, մինչդեռ հանդիպման մյուս կողմերը՝ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ ադրբեջանական կողմն աներկբա պնդում են, որ հենց բանակցություններ են եղել»:

Կոնստանտին Տեր-Նակալայանը մեջբերեց նաև ԱԳՆ ղեկավարի ելույթի հայերեն տեքստի հետ կապված խնդիրը: 

Նշենք, որ ելույթի հայերեն տարբերակում տեղ էր գտել՝ «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը» նախադասությունները, որոնք անգլերեն օրիգինալում չկային։ 

«ԱԳՆ-ն փորձեց դա մատուցել որպես վրիպակ, բայց երբ հայերեն տեքստում հայտնվում են ամբողջական երկու նախադասություններ, որոնք ոչ մի աղերս չունեն բնօրինակի հետ, դա արդեն ոչ թե վրիպակ է, այլ քաղաքական որոշում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ վերջին մեկուկես տարում Հայաստանում կատարվողը կոչվում է խառնաշփոթ:

«Նիկոլ Փաշինյանը 2018 թ. մայիսից արցախյան հիմնախնդրի ու դրա լուծման վերաբերյալ արել է տարբեր հայտարարություններ, որոնց մեջ չկա ոչ կոնկրետիկա, ոչ էլ ներդաշնակություն: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ծայրահեղության մեջ են՝ ներքին լսարանին ներկայացնում են մի առասպելակույտ, որը կտրուկ հակասությունների մեջ է իրականության հետ»,-ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամը:

Նա նշեց, թե ստեղծվել է իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի ապագան ու անվտանգությունը կախված են Նիկոլ Փաշինյանից, նրա քմահաճույքներից, վրիպումներից, սխալներից:

 

  • Կիսվել: