երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական
հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն
Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջուներով հյուրերին կրկին ՀՀ դատախազություն այցելելու կապակցությամբ՝ ՀՀ
գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ձևավորված
հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցության հարուստ փորձը,
որը նոր նախաձեռնությունների, համատեղ ծրագրերի իրականացման կարևոր
նախապայման է հանդիսանում: Արթուր Դավթյանը նշել է, որ տիկին Գիսլադոտիրի
նախորդ այցից հետո անցած 2 տարվա ընթացքում Հայաստանում արմատական
զարգացումներ են տեղի ունեցել դատաիրավական ոլորտի և մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտներում ինստիտուցիոնալ, օրենսդրական և կազմակերպական
բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որտեղ միջազգային գործընկեր
կազմակերպությունների, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի աջակցությունը կարևոր
նշանակություն է ունեցել:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն իր գոհունակությունն է հայտնել ժողովրդավարական և
մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի կատարելագործմանն ուղղված
համագործակցության նախագծերում ՀՀ դատախազության ներգրավվածության և այն
շարունակելու դրսևորվող պատրաստակամության կապակցությամբ: Նա նշել է, որ
առկա են նոր հնարավորություններ հատկապես դատախազության կարողությունների
զարգացմանը նպաստելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ատելության հողի վրա կատարվող
հանցագործությունների դեմ պայքարի օրենսդրական հիմքերի և իրավակիրառ
պրակտիկայի արդյունավետության բարձրացման, այս համատեքստում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի,
ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ արդարադատության ակադեմիայի հետ եռակողմ
ձևաչափով գործակցությամբ դատախազների վերապատրաստման ծրագրերի իրականացման
հնարավորությունները:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը ապահովում է
բավարար հնարավորություններ և կառուցակարգեր ազգային, կրոնական, ռասսայական
խտրականության և ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ
պայքարում, սակայն հանցավորության դեմ պայքարի գործիքակազմի և իրավական
մտքի զարգացմանը զուգահեռ մշտապես արդիական է դատախազների մասնագիտական
հմտությունների կատարելագործման, նոր գիտելիքների ձեռքբերման խնդիրը:

Արթուր Դավթյանը հավելել է, որ հասարակության բնականոն կենսագործունեության
ապահովման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն է ստանում ամենատարբեր
մակարդակներով ատելության և բռնությունների քարոզի քրեաիրավական հակազդման
օրենսդրական գործուն, առավել ճկուն կառուցակարգերի ներդրումը, այս հարցում
միջազգային փորձի ուսումնասիրումը, որի ուղղությամբ ներկայումս ակտիվ
աշխատանքներ են տարվում:

Քննարկվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Արևելյան գործընկերության 6
երկրներում իրականացվող դատախազությունների կարիքների գնահատման ծրագրի
ընթացքին, դատախազների գործառույթային անկախության ամրապնդմանը վերաբերող
հարցեր:

Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել առավել ինտենսիվ դարձնել շփումները
և տեղեկատվության փոխանակման գործընթացները:

  • Կիսվել: