շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ԱԺ պատգամավորները Կիպրոսում խոսել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԺ պատգամավորները Կիպրոսում խոսել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին

Կիպրոսի Հանրապետություն կատարած եռօրյա այցի ընթացքում գործընկերներիս հետ հանդիպեցինք հանրապետության նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի և ԱԳ նախարար Կոնստանդինոս Կոմբոսի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

՛՛Զրույցի ընթացքում խոսեցինք Հայաստան-Կիպրոս համագործակցության, ՀՀ քաղաքացիների համար Կիպրոսի Հանրապետություն ՝ առանց մուտքի արտոնագրի առկայության այցելության հնարավորության, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն սպասվող պաշտոնական այցի մասին:

Կիպրոսում ընթացող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության նիստին հայ ժողովրդի և մեր պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեցինք կազմակերպության նախագահին՝ Հայաստանի վրա Ադրբեջանի ագրեսիան և Լաչինի՝ կենսական նշանակության ճանապարհը փակելու հարցում կոշտ և հասցեական դիրքորոշում արտահայտելու համար, ինչպես նաև նշեցինք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին:

ՈՒՄՎ նախագահ, հույն պատգամավոր Խարակոպուլոսը տեղեկացրեց, որ իր կոշտ և քննադատական հայտարարությունների համար պարբերաբար զանգեր և նամակներ է ստանում Հունաստանում Ադրբեջանի դեսպանատնից, նշեց, որ հավատարիմ է մնալու իր ՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրած արժեքներին:

Ի նշան բողոքի՝ պարոն Խարակոպուլոսը դուրս է եկել Հունաստան-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբից: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև առաջիկայում կայանալիք վեհաժողովին առնչվող հարցերն ու առաջարկությունները՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: