հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին. ԱԳՆ խոսնակ

 Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում: Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է, դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ:

Իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, մեզ համար անընդունելի է այս գործելաոճը: Ելնելով վերոնշյալից, ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին՛՛:

Նշենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ  այսօր Իսրայելից բեռ տեղափոխող երկու ինքնաթիռ է վայրէջք  կատարել Բաքվում` զենք մատակարարելու նպատակով:

  • Կիսվել: