չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին

Նոյեմբերի 9-ին աշխատանքնային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին: 

Նստաշրջանի մեկնարկին նախորդել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված միջոցառում, որտեղ ելույթով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահը, Գործադիր խորհրդի նախագահը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը և ՀՀ ԱԳ նախարարը: 

Իր ելույթում նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է.

«Ես խորին ցավով հարգանքի տուրք եմ մատուցում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ մեր սիրելի գործընկեր Ն.Գ. պրն. Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին, ով կյանքից հեռացավ նոյեմբերի 7-ին՝ 72 տարեկան հասակում: 

Դեսպան Տեր-Ստեփանյանն ականավոր դիվանագետ էր, ով իր մեծ ներդրումն էր ունեցել Հայաստանի դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում՝ հպարտորեն ներկայացնելով մեր երկիրը միջազգային տարբեր հարթակներում:

Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր կյանքի վերջին տարիները նվիրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային արժեքների ու սկզբունքների խթանմանը և կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության ամրապնդմանը:

Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ՝ դեսպան Տեր-Ստեփանյանն անգնահատելի դեր է ունեցել Ֆրանկոֆոնիայի և իր անդամ պետությունների հետ Հայաստանի կապերի զարգացման գործում:

Քրիստիան Տեր-Ստեփանյանի երեսնամյա մասնագիտական գործունեությունը նշանավորվել է Հայաստանին ծառայելու և ազգային առաջնահերթություններն ու միջազգային համագործակցությունը խթանելու նվիրումով, պրոֆեսիանլիզմով և անխոնջ աշխատանքով: Նա կհիշվի դիվանագիտական հանրության կողմից՝ որպես ներկա պահին այստեղ գտնվող շատ դիվանագետների համար լավ ընկեր և հրաշալի անձնավորություն։

Ես խորին ցավակցություն եմ հայտնում դեսպանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր այն մարդկանց, ովքեր սգում են նրա մահը»:

Արարատ Միրզոյանը նաև ելույթով է հանդես եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: