շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Հետընտրական Հայաստանում այսօր հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները․ «Հայաստան» դաշինք

Հետընտրական Հայաստանում այսօր հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները․ «Հայաստան» դաշինք


  Երկու ամսով կալանավորվել են Մեղրի համայնքի արդեն նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Հետընտրական Հայաստանում այսօր հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները, որոնք Սյունիքում համայնքերի ղեկավարներ են։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
 
«ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նույնպես իրականացվում է քրեական հետապնդում։ Այս ամենը շատ ավելի խորքային արմատներ ունի, քան կարող է թվալ։ Թվում է, թե վրեժխնդրություն է։ Այո՛, այդ գործոնն էլ կա։ Մեր գնահատմամբ սա քաղաքական հետապնդում է», - ասաց Վահե Հակոբյանը։
 
«Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական անդամ Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, որ շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու քաղաքականությունը։
 
«Այն բոլոր ուժերն ու անհատները, որոնք ազգային դիմադրողականության պահպանողն են, փորձում են իրենց մեկուսացնել և շարքից հանել։ Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում և Տավուշում, բանակից հեռացնում են լավագույն զինվորականներին։ Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքների ղեկավարներին փորձում են ձերբակալել ու կալանավորել։ Այս ամեն ինչը նաև մենք կապում ենք առաջիկայում սպասվող Հայաստանի համար ցավոտ լուծումների հետ», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: