ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ. Միրզոյանը՝ Բայրամովի հետ զրույցի մասին

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ. Միրզոյանը՝ Բայրամովի հետ զրույցի մասին

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, խոսելով այն մասին, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հեռախոսազրույցը, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

՛՛Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է նաև Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Այն է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրվող կարգավորման այդ պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումները: Այսքանը՛՛,-նշեց նա:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատի վերաբերյալ՝ պատգամավո Սոնա Ղազարյանը հարցրեց, թե ինչ տպավորություն կամ ինչ ակնկալիքներ ունի Միրզոյանն այս երկկողմ ձևաչափից, և արդյոք այլ պայմանավորվածություններ ձեռք բերվել են, թե ոչ: 

՛՛Մեր պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ մնում են ամբողջությամբ ուժի մեջ: Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում: Ըստ էության, այն կոնֆերանսի որոշումը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը ոչ ոք աշխարհում չի չեղարկել, և այդ որոշումը ուժի մեջ է:

Ցավոք սրտի, գիտեք, որ համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որպեսզի նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել, և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա: Բայց ես ձեռնպահ կմնայի այդպիսի ձևակերպում տալ, որը Դուք արեցիք՝ երկկողմ ձևաչափ: Երկկողմ ձևաչափ, ըստ էության, գոյություն չունի, երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել։ Եղել է խոսակցություն՝ բանակցությունների մեկնարկի մասին, ոչ թե՝ բովանդակային բանակցություններ՛՛,-պատասխանեց ԱԳ նախարարը:

  • Կիսվել: