կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ, հրապարակել միայն այն կետում, որում  հնարավոր է եղել. Լենա Նազարյան

ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ, հրապարակել միայն այն կետում, որում  հնարավոր է եղել. Լենա Նազարյան

Սեպտեմբերի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ ԱԺ, ասաց՝ մենք կարող ենք կանգնեցնել այս պատերազմը, և ասաց պայմանները՝ 7 շրջանների վերադարձ, փախստականների վերադարձ, և ոչ մի խոսք ԼՂ կարգավիճակի հստակեցման մասին. տարածքներ՝ խաղաղության դիմաց: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նա հավելեց. ՛՛Ուզում եմ հիշեցնել՝ այդ ժամանակ քաղաքական ոչ մի ուժ չհամաձայնեց այդ սցենարին, ոչ մի հանրային պահանջ չեղավ կանգնեցնելու մասին, ոչ մեկը դուրս չեկավ փողոց՝ ասելու, որ կանգնեցրեք՛՛:

Նազարյանի խոսքով՝ երբ վարչապետն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Ստեփանակերտ, ասաց, որ մեր խնդիրն Արցախի և Հայաստանի անվտանգությունն ավելացնելն է. ՛՛Նրան այդ պահին հայտնի էր, որ կա երկու ընտրություն՝ համաձայնում ենք այդ պայմաններին, կամ պատերազմ: Ես կարծում եմ՝ վարչապետն ինքն էլ արդար և շահեկան չի համարել մեր ժողովրդի համար այդ պայմաններին համաձայնելը՛՛:

Դիտարկմանը, թե նշում են, որ իշխանությունը կարող էր 44 օրվա մեջ ավելի վաղ կանգնեցնել պատերազմը, որի դեպքում Շուշին չէր հանձնվի, և զոհերը քիչ կլինեին, Նազարյանը պատասխանեց. ՛՛Հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ, հրապարակել միայն այն կետում, որում  հնարավոր է եղել՛՛:

Ճշտող հարցին, թե այսինքն՝ մինչև այդ հնարավո՞ր չէր, նա նշեց. ՛՛Ոչ, ես կարծում եմ՝ հնարավոր չէր՛՛:

Նա անդրադարձավ նաև արտահերթ ընտրությունների՝ ընդդիմության պահանջին և ասաց.
՛՛Մենք չենք ասում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, մենք ասում ենք՝ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ են պայմաններ՛՛:

  • Կիսվել: