ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ. Ալեն Սիմոնյան

Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ. Ալեն Սիմոնյան

Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահ Օմ Բիրլայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործակցելու անհրաժեշտության առաջնահերթությունները:

Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացումն ու ամրապնդումը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղի:

Կողմերն արձանագրել են խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները՝ առանցքային օղակ դիտարկելով բարեկամական խմբերին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ սպասում է Հնդկաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծմանը:

«Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանության, առևտրի, տրանսպորտի և կապի, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի, գիտության և կրթության, տեղեկատվության և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծել է, որ մի քանի հազար հնդիկ ուսանողների ներկայությունը Հայաստանում մեծապես նպաստում է երկրի մշակութային, էթնիկ և կրոնական բազմազանությանը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած ճգնաժամին և դրա հանգուցալուծման անհրաժեշտությանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ապօրինաբար ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք: Նա փաստել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանցի զինվորականները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:

  • Կիսվել: