շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024

Հայաստանը մեկ ամիս է՝ սպասում է Ադրբեջանի արձագանքին. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը մեկ ամիս է՝ սպասում է Ադրբեջանի արձագանքին: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ դեռ դեկտեմբերին Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել իր առաջարկները, ինչ արձագանք է ստացվել դրանց:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ խմբագրական առաջարկներ էր ներկայացրել ադրբեջանական կողմին, սակայն որևէ արձագանք չկա. «Տեղեկացնեմ, որ որպես կանոն այդպես են ընթացել մինչ այժմ գործընթացը: Նախագծի շուրջ լինում են նախ ադրբեջանական, ապա հայկական, այնուհետեւ ադրբեջանական առաջարկներ: Ենթադրաբար մինչեւ այն պահը, երբ ամբողջական տեքստ հնարավոր կլինի ունենալ: Մեր հերթական առաջարկները եւ կից հիմնավորումները ներկայացրել ենք ադրբեջանական կողմին եւ կարելի է ասել, որ արդեն մեկ ամիս է, որ որևէ արձագանք չունենք», - նշեց նա:

Միրզոյանն ընդգծեց՝ թյուր են այն պատկերացումները, որ հայկական կողմը ոչ կառուցողական է խաղաղության գործընթացում. «Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, պատասխան պիտի լինի, որը մինչ այս պահը չկա։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմն է դադարեցրել խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, զուգահեռաբար, տեսնում ենք սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

 

  • Կիսվել: