ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես հզոր և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես հզոր և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես հզոր և արդյունավետ կազմակերպություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը փաստեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցն ընթանում է նոր հանգամանքներում և տարածաշրջանի համար նշանակալի իրադարձությունների համատեքստում, առաջին հերթին խոսքը օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո խաղաղության հաստատման մասին է։

Նախարարը նշել է, որ գործընկերոջը մանրամասներ է հաղորդել խաղաղության փաստաթղթի նախաստորագրման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Միրզոյանը հիշեցրել է խաղաղության հաստատման հարցում ԵԱՀԿ-ի դերի մասին և այժմ անհրաժեշտ են համագործակցության նոր եզրեր ու հորիզոններ։ Իր կողմից, Հայաստանը շատ շահագրգռված է տնտեսական համագործակցության և բնապահպանության ոլորտներում։ Երևանը նաև վստահ է, որ ԵԱՀԿ-ն այժմ և հաջորդ նախագահների օրոք կնպաստի խաղաղությանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ԵԱՀԿ ողջ գոտում։ Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն ցանկանում է տեսնել ԵԱՀԿ-ն որպես հզոր և արդյունավետ կազմակերպություն և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում այն ունի երկրների աջակցության կարիքը՝ Հելսինկիի Եզրափակիչ ակտի ոգով։

Կողմերը քննարկել են նաև Ֆինլանդիայի հետ երկկողմ հարաբերությունները և գոհունակությամբ փաստել համագործակցության նոր փուլը։ Նախարարը թվարկել է վերջին շրջանում կայացած բարձր մակարդակի հանդիպումները և հաստատել Էլինա Վալտոնենին Հայաստան այցելելու հրավերը՝ որպես Ֆինլանդիայի ԱԳ նախարար։ Միրզոյանը և Վալտոնենը անդրադարձել են ԵՄ-ի հետ հարաբերություններին, Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչպես նաև հաջորդ տարի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: