երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանը արտաքին քաղաքականությունը վերակողմնորոշելու ցանկություն ունի. Զախարովա

Հայաստանը արտաքին քաղաքականությունը վերակողմնորոշելու ցանկություն ունի. Զախարովա

 Հայաստանը քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կողմնորոշումը արմատապես փոխելու ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները:
 
«Իհարկե, ուզում եմ դա հասկանալ։ Ոչ միայն լսել կամ կարդալ որպես հայտարարություն, այլ տեսնել, թե ինչպես է դա ընդհանրապես դրսևորվում գործնական հարթությունում։ Իմ կարծիքով` սա բացահայտ փորձ է՝ թաքցնելու իրական մտադրությունները։ Պարզ է, որ խոսքն արտաքին գործերում հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է։ Իմ կարծիքով, դա արվում է շատ հստակ՝ Արևմուտքի թելադրանքից ելնելով»,-ասաց Զախարովան։
Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները փորձում են քողարկել այդ ամենը՝ կարծելով, որ կարելի է այդպես պահպանել և՛ օգնության նախկին մակարդակը, և՛ ինչ-որ առանձնահատուկ հարաբերություններ։
 
«Այդ ամենն այնքան տեսանելի և հասկանալի է, որ նման բառերի և ձևակերպումների հետևում դա թաքցնել հնարավոր չէ»,- ասաց Զախարովան:
 
Անդրադառնալով այն ձևակերպումներին, թե Հայաստանը պետք է այլընտրանք փնտրի՝ Ռուսաստանից պատասխան չստանալով իր խնդրանքներին և, իբր, ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ հակառակը, Զախարովան նշեց՝ փորձ է արվում պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, գտնել մեղավորները սեփական սխալների համար։
 
Նրա խոսքով՝ խորհրդակցություններն անցկացվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ գծով։ Սակայն Երևանում որոշում են կայացրել երկրի տարածքում ԵՄ առաքելությունը տեղակայել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: